Իջևանի գինու գործարան

Լավ 7.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Իջևան, Երևանյանի 9

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-17:00

 

 

 

 

 

Դեռևս նախնադարյան  ժամանակներից  Տավուշի մարզում մարդիկ մշակել են  խաղողի վազ, խաղողից հյութ քամել, հյութից գինի  ստացել: Մարզում կատարված հնէաբանական պեղումներից հայտնաբերվել են հնամյա հնձաններ, կարասներ, խաղողի վերամշակման գործիքներ:

 

Ժամանակները  փոխվում են. փոխվում են մարդկանց հետաքրքրությունները՝ իրենց տեղը զիջելով նորին ու նորագույնին, բայց մարդկության հետաքրքրությունը խաղողի վազի և գինու նկատմամբ ոչ միայն  չի մարում, այլև ավելի է նորանում, ու մարդկու թյունը նորովի է ըմբռնում այդ առասպելական ըմպելիքի  գաղտնիքները:

 

Սկսած անցյալ դարի հիսունական թվականներից Իջևանի տարածաշրջանում սկսում է բուռն կերպով զարգանալ  խաղողագործությունը, 1951 թ. հիմնադրվում է Իջևանի գինու գործարանը Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում: Հիմնվում են շուրջ 3000հա. այգիներ: Գլխավորապես մշակվում են Ռկածիթելի, Լալվար, Բանանց խաղողի տեսակները, ինչպես նաև Պինո, Պինո Բլան, Կաբեռնե, Սապերավի, Գառան դմակ և այլ տեսակներ:  Անցյալ դարի վաթսունական թվականներից սկսած Իջևանի գինին առաքվում էր ՍՍՀՄ տարբեր քաղաքներ և արտերկիր: Այն ժամանակներում առավել հայտնի են եղել սեղանի սպիտակ, կարմիր գինիները, շամպայնի և կոնյակի գինենյութերը: Գործարանում շշալցում այդ ժամանակաշրջանում չի կատարվել, արտադրվել են միայն գինենյութեր, որոնք իրենց որակով հայտնի են եղել ամբողջ աշխարհում: Միայն  1996 թվականից սկսած՝ սեփականաշնորհումից հետո, Իջևանում սկսեց շշալցվել գինի: Ստեղծվեց «Իջևանի գինու գործարան» ՓԲԸ: Իջևանում  ստեղծված գինիները իրենց հաստատուն տեղը գրավեցին հայկական և ռուսական շուկաններում: Կարճ ժամանակ  հետո իջևանյան գինիները սկսեցին լուրջ հայտ ներկայացնել համաշխարհային շուկայում իրենց տեղը նվաճելու համար: Վերջին տարիներին վարած առավել ճկուն քաղաքականության շնորհիվ հզորացել է արտադրությունը. գործարանի արտադրանքի տեսականին բազմապատվել ու հասել է շուրջ երեսուն տեսակի: Գործարանի գինիներից առավել հայտնի են «Իջևան կարմիր», «ԻջևանՍպիտակ», «Արենի», «Նազելի», «Գայանե», «Հին Բերդ», «Հին Իջևան», «Սապերավի» և այլ խաղողի գինիները, ինչպես նաև սերկևիլի և նռան մրգային գինիները:

 

Ներկայումս իրացված նոր տեխնոլոգիաների շնորհիվ արտադրվում  են կիսաքաղցր գինիներ, կատարվում է  գինիների ջերմային մշակում մինչ շշալից, շշալցվում է վակուումով և տրվում է իներտ գազի բարձիկ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում է շշային պաստերիզացիա: Այս տեխնոլոգիայով արտադրված  գինիներից են «Արենի Կիսաքաղցր», «Վազաշեն», «Նուռ կիսաքաղցր» և այլ գինիներ: Արտադրած  գինիները այսօր առաքվում են Ռուսաստան, ԱՄՆ, Կիպրոս, Մերձբալթյան երկրներ, Կանադա և այլ երկրներ:

 

Դեռևս հիսունական թվականներից սկսած  Իջևանի գինու գործարանը հայտնի է եղել նաև իր կոնյակի գինենյութով և սպիրտով, հադիսացել է  Երևանի  կոնյակի գործարանի գլխավոր մատակարարներից մեկը: Ներկայումս գործարանը ունի  կոնյակի` իր սեփական  արտադրությունը:  Գործարանի կոնյակագործների կողմից  ստեղծվել են  յուրահատուկ համով և բույրով  կոնյակներ` «Իջևան 3 », «Իջևան 5», «Վանուհի», «Արքա», «Հին բերդ», «Նեմրութ»  և այլ կոնյակներ: Կոնյակների շշալցման համար ներմուծվել են հատուկ  մեր պատվերով պատրաստված շշեր Բուլղարիայից և Ֆրանսիայից: Մշակվել է ուրույն տեխնոլոգիա  կոնյակների հնեցման, կուպաժավորման, վերամշակման և շշալցման համար: Ստեղծվել է կոնյակի սպիրտների՝ տակառներով հնեցման մառան: Արտադրական հզորությունների մեծացմանը  զուգընթաց կոնյակի սպիրտների և գինու հնեցումը առավել ճշտգրիտ տանելու նպատակով աշխատանքներ են տարվում մոտակա ժայռի մեջ թունելախորշ  բացելու  և այնտեղ հնեցման ավելի մեծ  մառան հիմնելու համար:

 

Գործարանի կոնստրուկտորական – տեխնոլոգիական    բաժնում  մշակվում և անընդհատ արտադրությունում ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ձեռք են բերվում նոր՝ առավել ժամանակակից տեխնիկա-սարքավորումներ, կատարվում է  ժամանակակից  շուկաների ուսումնասիրություն: Վերջին տարիներին ներդրվել  է Իտալական «SPAGNI» ֆիրմայի շշալցման հոսքային գիծ, գինիների ջերմային մշակման նոր ժամանակակից հոսքային գիծ,կառուցվել է գինիների և կոնյակի՝ տակառներով  հնեցման մառան: Գործարանը ունի խաղողի ընդունման և վերամշակման 4 հոսքային գիծ, առաջնային գինեգործության ժամանակակից արտադրամաս: Գործարանը  հագեցած է  արտադրանքի որակի վերահսկման ժամանակակից  լաբորատոր սարքավորումներով և տեխնիկայով: Գործարանի արտադրած գինիները միջազգային բազում մրցույթներում արժանացել են ոսկե և արծաթե մեդալների ու պատվոգրերի: Իրավմամբ, Իջևանի գինու գործարանը համարվում է  Տավուշի մարզի դարպասը և իր անկրկնելի արտադրանքով աշխարհին է ներկայացնում Տավուշի մարզը և Հայաստան աշխարհը:

 

Ժամանակները փոխվում են. փոխվում են մարդկանց հետաքրքրությունները իրենց տեղը զիջելով նորին ու նորագույնին…

 

Վստահ  քայլելով ժամանակի մեջ՝ Իջևանի գինու գործարանը գնում է առաջ՝ գրավելու նոր  բարձրունքներ, նվաճելու նոր հաղթանակներ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները