Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Սարյան 3 

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-չորեքշաբթի, ուրբաթ-կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10.00 - 17.00, չորեքշաբթի՝ 10.00 - 16.00, 

 

 

 

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:

Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:

Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով:

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը:

Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որը ղեկավարել է շենքի կառուցման աշխատանքները: 1967-2003 թվականներին թանգարանը գլխավորել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որը մեծ նվիրումով հարստացրել և համալրել է թանգարանի ֆոնդը:

2003-2004 թվականներին տուն-թանգարանի տնօրենն է եղել Լուսիկ Միրզոյանը, ով մինչ այդ երկար տարիներ թանգարանում աշխատել է որպես գլխավոր ֆոնդապահ:

2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը:

Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ: 

 

Այսօր  Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արվեստի ցուցադրումը, մեկնաբանումն ու հանրահռչակումը: Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք՝ կազմվում է նրա կյանքի և ստեղծագործության տարեգրությունը, հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը: Ներկայումս մշակվում է նաև տուն-թանգարանի հուշային ֆոնդը:

Թանգարանում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակությաին ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, դասական կամերային երաժշտության համերգների ընդգրկմամբ:

Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:

Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը:

 

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել:

Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»,- ասել է Մ. Սարյանը:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները