Երևանի պատմության թանգարան

Հրաշալի 9.3
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Արգիշտի 1/1

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի -Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00

 

 

 

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

 

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի: 1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:

 

Այսօր թանգարանում պահպանվում է շուրջ 90 հազար առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

 

Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։

 

Հնագիտական հավաքածուում առանձնանում են Կարմիր բլուրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։

 

Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։

 

Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է «Խոսք» թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։

 

1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական կարևոր նշանակություն։

Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյան մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի` բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։

 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները