Արևմտյան Հայաստան և Կիլիկիա տուր

10 օր / 9 գիշեր
Ուխտագնացություն

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Ամբողջ Պատմական Հայաստանը ներառող այս եզակի Ճանապարհորդության ընթացքում բացի Կարսից, Անիից, Վանից և Մուշից դուք կտեսնեք նաև մեծ Նեմրութ լեռը Եփրատ գետի մոտ, ուր կանգնած են հսկայական հայ հեթանոսական աստվածների արձաններ (ՅՈւՆԵՍԿՈ-ի օբեկտ), Հայոց արքայից-արքայության Տիգրանակերտ մայրաքաղաքը, Ուրֆա, Այթապ և Մարաշ գեղեցիկ քաղաքները: Կայցելեք հետաքրքիր վայրեր. այն տեղը, ուր Բաբելոնի արքա Նիմրոդը (Նեբրովթ-Բելը) խարույկի մեջ գցեց Աբրահամին, սակայն Աստված կրակը վերածեց ջրի, իսկ ածուխները` ձկների: Կտեսնեք հնագույն ազգերի` ասորիների, ուրարտացիների և հռոմեացիների ստեղծած հուշարձաններ, առաջին քրիստոնյաների եկեղեցիներ, վայրեր, ուր ծնվել և քարոզել են Պետրոս և Պողոս Առաքյալները, ուր հանդիպել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը, ուր Ալեքսանդր Մակեդոնացին ջարդել է Դարեհի հզոր բանակը: Կայցելեք խաչակիրների հիմնած քաղաքներ և բյուզանդական բերդեր, ուր փորագրված են գրեր Կիլիկիո հայոց թագավորների, որոնց տիրապետությունը սփռվում էր Արևելյան Միջերկրականի դաշտերի և Տավրոսյան լեռների երկայնքով:


Տուրի ծրագիրը

Օր 1

Կարս - Վարդանի կամուրջ - Չարենցի տուն - Սբ. Առաքելոց եկեղեցի - Կարսի բերդ

Վաղ առավոտյան Երևանից կմեկնենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք, պատմական Գուգարք աշխարհի գավառ, որ այժմ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանն է: Ախալքալաքից Ախալցխայի ճանապարհին կանգ կառնենք Փարվանա և Քուռ գետերի խառնարանի վրա խոյացող Խերթվիսի բերդի մոտ: Ասում են, թե այն Թամարա թագուհու (12-13-րդ դդ.) սիրելի բերդն է եղել: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Ախալցխա, Վրաստանի այս շրջանի կենտրոն: Ախալցխայում կարճատև հանգստից հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կանցնենք Արդահանի շրջանի Արսեաց կոչվող գեղեցիկ լեռների և անտառների միջով և կժամանենք Կարս: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կշրջենք քաղաքում: Կանցնենք նրա նեղ փողոցներով, ուր պահպանվել են 19-րդ դարի վերջի ռուս-հայկական ճարտարապետության ոճի բազմաթիվ շենքեր: Կտեսնենք միջնադարյան “Վարդանի” կամուրջը, այն տան փլատակները, ուր ապրել է Եղիշե Չարենցը, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Կբարձրանանք Կարսի բերդ, որ ժամանակին Հայոց մայրաքաղաքի ամրոցն էր և Բագրատունիների թագավորանիստը` բազմաթիվ պատերազմների լուռ վկան: Գիշերը կանցկացնենք Սարիղամիշում:
Օր 2

Անի - Բայազեդ - Դարոյնք - Իսհակ փաշայի պալատ - Բերկրիի ջրվեժ

Առավոտյան կմեկնենք առասպելական Անի, 9-11-րդ դարերի զորեղ Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է “Մետաքսի ճանապարհը”: Շրջելով Անիում` մենք կզգանք զորությունը միջնադարյան պարիսպների և աշտարակների, հռչակավոր տաճարների և պալատների, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից կուղևորվենք Դողուբայազիթ (Բայազեդ), կանցնենք Իգդիր քաղաքի միջով, որից այն կողմ բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից: Հին Բայազեդի վրա խոյանում է Արշակունյաց (1-5-րդ դդ.) Դարոյնք անառիկ բերդը, որը ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կայցելենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Պալատում կտեսնենք հարեմի սենյակներ, խորափոր զնդաններ, գողտրիկ բակեր: Այնուհետև կուղևորվենք դեպի Վան քաղաք, Վասպուրական աշխարհ: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Երեկոյան կհասնենք և գիշերը կանցկացնենք Վանում:
Օր 3

Վանա լիճ և քաղաք, Վանի Տուշպա բերդ, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, Բիթլիս քաղաք, Ալեքսանդր Մակեդոնացու օրոք կառուցված բերդ

Առավոտյան կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), կտեսնենք Սարդուրի արքայի տպավորիչ սեպագրերը: Քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք “Սասնա Ծռեր” էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Ցանկության դեպքում կայցելենք Վանա կատուների բուծարան, այս կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր: Ապա կիջնենք դեպի փիրուզե Վանա լիճ, կնավարկենք դեպի Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գունեղ որմնանկարներով: Մենք կհամտեսենք հայտնի “Վանա տառեխ” ձուկը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է, և կվայելենք լողափում հանգստանալու և Վանում լողալու հաճույքը: Այնուհետև կճանապարհվենք դեպի Բիթլիս (պատմական Բաղեշ) քաղաք, որը գտնվում է Տավրոսյան լեռների կիրճում: Այն եղել է Հայոց Աղձնիք նահանգի (բդեշխության), իսկ ավելի ուշ Քրդական Էմիրության (13-19-րդ դդ.) կենտրոն: Բիթլիսում ամենատպավորիչ տեսարանը նրա անառիկ բերդն է, որի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն: Բիթլիսից կմտնենք գեղատեսիլ Մշո դաշտ` Տուրուբերան աշխարհի Տարոն գավառ, որի միջով հոսում է Արածանին (Արևելյան Եփրատը): Երեկոյան կհասնենք Մուշ և կգիշերենք այնտեղ:
Օր 4

Մուշ քաղաք, Արածանի, Սուլուխի կամուրջ, Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ, Տիգրանակերտ-Դիարբեքիր քաղաք, Սբ. Կիրակոս եկեղեցի

Առավոտյան կշրջենք հին Մուշում, կտեսնենք այն, ինչ մնացել է հայկական եկեղիցիներից, կբարձրանանք “բերդի զբոսայգի”, որտեղից բացվում է գեղատեսիլ Մշո դաշտի տեսարանը: Ապա կմեկնենք Արածանու վրա գտնվող Սուլուխի միջնադարյան կամուրջ, որը հայ ազգային ազատագրական պայքարի կարևոր տեղանուններից է` Գևորգ Չաուշի նահատակման վայրը: Այստեղից կշարժվենք դեպի Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ վանք, որ ժամանակին հայ հոգևոր կարևորագույն կենտրոնն էր` Էջմիածնից հետո, մի փառավոր ճարտարապետության նմուշ: Այժմ երևում են միայն նրա աղքատիկ փլատակները քրդական գյուղում, որի տները կառուցված են տաճարի սրբատաշ քարերով: Այնուհետև Սասունի լեռների միջով կուղևորվենք Տիգրանակերտ կամ Դիարբեքիր (պատմական Ամիդ): Այն պատմության ընթացքում բազմազգ քաղաք է եղել, ուր ապրել են հայեր, քրդեր և ասորիներ: Մինչև 1980-ական թվականները տեղի հայ համայնքը դեռ պահպանվում էր, իր գործող եկեղեցիներով: Վերջիններից մենք կայցելենք Սբ. Կիրակոս եկեղեցի (18-րդ դար), որն առանձնանում է իր յուրօրինակ գեղեցկությամբ: Կտեսնենք նաև Դիարբեքիրի հռչակավոր չորսոտանի մինարեն և հին քաղաքի տպավորիչ սև պարիսպները, որ կառուցվել են 5-րդ դարում Բյուզանդիայի Կոստանդինոս կայսեր կողմից: Գիշերը կանցկացնենք Դիարբեքիրում:
Օր 5

Միջագետք Հայոց, Ուրֆա և Այնթապ քաղաքներ, “սուրբ ձկների” ավազան, Աբրահամի ծննդավայր-քարանձավ, Սբ. Պետրոս և Սբ. Աստվածածին եկեղեցիներ

Դիարբեքիրից դուրս գալով` կմտնենք պատմական Միջագետք Հայոց և կճանապարհվենք Ուրֆա/Եդեսիա քաղաք, ուր Մեսրոպ Մաշտոցը արարել է հայոց գրերը: Ըստ ավանդության` Ուրֆայի մոտ մի քարայրում ծնվել է Աբրահամը: Մենք կտեսնենք հին քաղաքի բերդը (9-րդ դար): Կայցելենք հռչակավոր “սուրբ ձկների” ավազանը, որն, ըստ լեգենդի, մի մեծ կրակ էր, ուր Բաբելոնի արքա Նիմրոդ-Բելը գցել էր Աբրահամին: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Այնթապ (Գազիանթեփ), որ Թուրքիայի հարավ-արևելքում ամենազարգացած և աշխույժ քաղաքն է: 12-14-րդ դարերում Այնթապը Կիլիկիո հայ իշխանների տիրույթն էր: Այստեղ կտեսնենք խաչակիրների կառուցած բերդը (12-րդ դար), կայցելենք Սբ. Պետրոս և Սբ. Աստվածածին եկեղեցիներ, որոնք վերածվել են մշակութային կենտրոնի և մզկիթի: Այնթապում կհամտեսենք նրա հայտնի լահմաջոն և “ֆըստըխով” փախլավան: Այնուհետև կուղևորվենք դեպի Ադանա: Գիշերակացը կլինի Ադանայում:
Օր 6

Կիլիկիայի մայրաքաղաք Տարսոն, Սբ.Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպաս, Կոռիկոսի ծովային բերդ

Առավոտյան կմեկնենք Տարսոն/ Տարսուս, որ Պողոս Առաքյալի ծննդավայրն է, Կիլիկիայի մայրաքաղաքը հռոմեացիների օրոք, ապա հայ թագավորների օծման վայրը: Այստեղ մենք կայցելենք մզկիթի վերածված Սբ. Պողոս եկեղեցի, կտեսնենք Կլեոպատրայի դարպասները, ուր հանդիպել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը: Ապա կուղևորվենք Քըզքալեսի ծովափ, ուր Կոռիկոսի հռչակավոր ծովային բերդն է (12-րդ դար)` Միջերկրական ծովում կղզու վրա: Այս բերդը եղել է Օշինյանների իշխանական տիրույթ: Այն միջնադարյան մեծ նավահանգիստ էր` Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի կարևոր կենտրոն: Կոռիկոսը հրաշալի լողափ ունի, ուր մենք մինչև երեկո կհանգստանանք և կվայելենք Միջերկրականում լողալու հաճույքը: Գիշերակաց Ադանայում կամ Կոռիկոսում:
Օր 7

Սիս մայրաքաղաք, Անարզաբա և Լևոնի բերդեր, հին Ադանա, Հադրիանոսի կամուրջ, հին շուկայի թաղամաս

Առավոտյան կայցելենք Սիս անառիկ բերդ (12-րդ դար)` Հայոց Կիլիկիայի սիրտն ու հենարանը, թագավորության վերջին տարիներին այն հերոսաբար պաշտպանում էր Լիպարիտ Սպարապետը: Հետո կտեսնենք պատմական Անարզաբա/ Անավարզա քաղաքի ավերակներ և գերազանց պահպանված միջնաբերդ: Այն և բյուզանդական, և հայկական Կիլիկիայի մայրաքաղաք էր, ուր մ.թ.ա. 1-ին դարում այցելել էր Հռոմի Օգոստոս կայսրը: Կտեսնենք հին քաղաքի ավերակները և պարիսպը (գեղեցիկ միջնաբերդում դեռ պահպանվում են հայ թագավորների գրերը): Այնուհետև կայցելենք Լևոն թագավորի կառուցած Դաշտային Կիլիկիան պաշտպանող Լևոնի կամ Օձերու բերդ (12-րդ դար), որը գտնվել է Տավրոսյան լեռներից Անթիոք տանող “Մետաքսի ճանապարհի” վրա: Ապա կվերադառնանք Ադանա և կշրջենք քաղաքում. կտեսնենք Հադրիանոս կայսեր քարե կամուրջը (2-րդ դար), հին շուկայի թաղամասը: Գիշերերակաց Ադանայում:
Օր 8

Մուսալեռ` հայկական Վաքըֆ գյուղ, Անտիոք քաղաք, Ալեքսանդրետ (Իսկենդերուն)` Հայոց Ծոց, “Քառասուն մանկանց” եկեղեցի

Ադանայից կմեկնենք դեպի Հայոց Ծոց, Հաթայ մարզ: Դորթյոլ քաղաքի մոտ կտեսնենք Իսսոս տեղանքը, ուր 333 թ. մ.թ.ա. Ալեքսանդր Մակեդոնացին ջարդեց Դարեհ III-ի բանակը: Կմտնենք Ալեքսանդրետ (Իսկենդերուն) և կայցելենք հայտնի “Քառասուն մանկանց” եկեղեցի: Այնուհետև կհասնենք Անթաքիա (հին Անտիոք, Սելևկիայի թագավորության մայրաքաղաք մ.թ.ա. 4-2-րդ դդ.): Կանցնենք Անթաքիայի միջով և կուղևորվենք Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղ, որ կոչվում է Վաքըֆ: Կտեսնենք Մուսալեռը, ուր 1915 թ. տեղացի հայերը հերոսաբար կռվեցին բազմահազար օսմանյան բանակի դեմ և փրկվեցին կոտորածից (իրադարձությունները մանրամասն նկարագրված են Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքում): Վաքըֆում կայցելենք գյուղի եկեղեցի, այն տարածքում միակ գործող եկեղեցին է, կհանգստանանք եկեղեցու բակում, կծանոթանանք տեղի բնակչության հետ: Վաքըֆից կարող ենք իջնել Սամանդաղ կամ Իսկենդերուն` Միջերկրականի ծովափ: Գիշերը կանցկացնենք հյուրանոցում ծովափին կամ հայկական գյուղում:
Օր 9

Միջերկրականի ծովափ, Մարաշ քաղաք

Կճանապարհվենք դեպի Մարաշ, որ խեթական բնակավայր էր, ուր ավելի ուշ քաղաք էին հիմնել խաչակիրները և կոչել այն Գերմանիկե: Կշրջենք քաղաքում, կայցելենք հին բերդ, կհամտեսենք տեղի պաղպաղակը, որը հայտնի է ամբողջ Թուրքիայում: Մարաշից կմեկնենք Նեմրութ լեռ` Վերին Միջագետքի ամենաբարձր գագաթ (2206 մ.): Գիշերը կանցկացնենք Նեմրութ լեռան գեղեցիկ լանջին գտնվող հոթելում կամ մոտակա Քահթա քաղաքում:
Օր 10

Նեմրութ լեռ - Երվանդունի Անտիոքոս արքայի դամբարան - Մալաթիա - Սբ. Երրորդություն եկեղեցի - Խարբերդ

Լուսաբացը կարող ենք դիմավորել Նեմրութ լեռան գագաթին, որտեղից կբացվի Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածի` Տավրոսյան լեռների և Եփրատ գետի անմոռանալի տեսարան: Նեմրութի գագաթին է գտնվում Կոմագենի Անտիոքոս I արքայի դամբարանը, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Անտիոքոսը հռչակել էր իրեն Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ I-ի հետնորդը, նրա տոհմը կապված էր Երվանդունիների հետ: Ասում են թե Անտիոքոսին թագադրել էր Տիգրան Մեծ արքայից արքան: Այստեղ մենք կտեսնենք Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների գահին բազմած յոթ մետրանոց արձանները: Այնուհետև կուղևորվենք Մալաթիա` պատմական Փոքր Հայք: Կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին (18-րդ դար), որ մզկիթ էր դարձվել, սակայն այժմ պետք է վերականգնվի որպես հայկական եկեղեցի կամ թանգարան: Այն գտնվում է նույն թաղամասում, ուր ծնվել էր նահատակված Հրանտ Դինքը: Մալաթիան հայտնի է իր “քյուֆթայով” և ծիրանով, որոնք կարող ենք համտեսել: Այստեղից կուղևորվենք Խարբերդ` Ծոփք աշխարհ, կտեսնենք Ուրարտուի թագավորության ժամանակ հիմնված բերդը: Ապա կճանապարհվենք Էրզրում, կանցնենք Բինգյոլ քաղաքի մոտով, պատմական Բարձր Հայք աշխարհով, Բյուրակն և Գայլախազուտ լեռներով: Երեկոյան կժամանենք և գիշերը կանցկացնենք Էրզրումում/Սարկղամիշում:
Օր 11

Էրզրում - Չիֆթե Մինարե - Հովվի կամուրջ - Սանասարյան վարժարան

Առավոտյան կշրջենք Էրզրումում (պատմական Կարին), կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ (5-րդ դար), որը 19-20-րդ դարերի պատերազմներում մի քանի անգամ գրավվել է ռուսական զորքերի կողմից: Կտեսնենք հայտնի միջնադարյան Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց), Սանասարյան վարժարանի շենքը, Յակուտիե մեդրեսեն: Էրզրումից դուրս գալով` կմեկնենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կարճատև կանգառ կանենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, ուր գտնվում է միջնադարյան Հովվի կամուրջը: Այստեղից կշարունակենք ճանապարհը դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան մտնելով` կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կանցնենք Գյումրիով և երեկոյան կժամանենք Երևան:

Անհատական տուր ըստ պատվերի

Պատվիրելու համար սեղմել գնի վրա
2-3 անձ 4-6 անձ 7-15 անձ 16-25 անձ 25 > անձ
AMD 504000 AMD 504000 AMD 504000 AMD 504000 AMD 504000


Տարադրամ :



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները