Վարդենյաց քարավանատուն

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Հիմնադրվել է` 1332 թ.

Երևանից` 150կմ/2ժ.

 

 

Վարդենյաց քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ քարավանատներից է։ Դրանք դեպի Եվրոպա և Արևելք գնացող բեռնված քարավանների համար ծառայել են որպես գիշերային օթևաններ։ Այն գտնվում է Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին, Սելիմի (Սուլեմայի) լեռնանցքի հարավահայաց լանջին, Աղնջաձոր գյուղի տարածքում: Կառուցման ճիշտ ժամանակը վկայված է հայերեն և արաբերեն միջնադարյան շինարարական արձանագրություններով: Ըստ հայերեն արձանագրության`քարավանատունը կառուցվել է 1332 թ. Չեսար Օրբելյան իշխանի պատվերով: 

 

Ավանդապատումը պատմում է , որ  քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան: Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել. հազիվ ճանապարհի կեսը անցած գիշերը վրա է հասել և նա կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձյունաբուքի մեջ: Ասում են քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակի համար կառուցել է մի իջևանատուն, որտեղ ճանապարհորդները կկարողանան հանգստանալ ու շարունակել ճանապարհը:  Լեռնանցքը այդ ժամանակից կոչվում է Սելիմ լեռնանցք: Հենց այդ տեղում էլ ավելի ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը: Մեծ շրջանաձև տուրը Հայաստանում և Արցախում կօգնեն ձեզ ավելի մանրամասն ուսումնասիրել Սելիմի լեռնանցքն ու Սելիմի քարավանատունը: 

 

Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:

 

Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում: Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար, մոտ հեռավորությունից տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր: Այդ պատճառով, ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ: Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս` շնորհիվ լույսի և ստվերի խաղի: Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում:

 

Կառույցի ճակատային մասում տեղադրված երկու բարձրաքանդակները խորհրդանշում են Օրբելյան իշխանական տան զինանշանները: Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:

 

Սելիմի քարավանատունը ավերվել է XV-XVI դդ.: Հիմնովին նորոգվել է 1956-1959 թթ.: Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատն, ներսի խարխլված պատերն ու կամարները:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները