Գանձասար

8.9
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Մարտակերտի շրջան, Արցախ
Հիմնադրվել է` 1240թ
Երևանից` 348կմ / 4ժ 47րոպե



Գանձասարը վանական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն. գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մերձակա Գանձասար բլրի վրա: Իր անունն ստացել է այդ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:

Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400 – 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 18-րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները։ Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815-ը: 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:

Աչքի է ընկնում ճարտարապետական հարուստ հարդարանքով։ Արտաքին հարդարանքում ճարտարապետի ուշադրության կենտրոնում են եղել 16 նիստանի թմբուկը։ Թմբուկի նիստերը մեկընդմեջ ջլատված են անկյունաձև խորշերով, որտեղ տեղադրված են երկու կտիտորների, Ադամի և Եվայի, Քրիստոսի, Աստվածամոր բարձրաքանդակները։ Գավիթի արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը ինքնատիպ, բարձր վարպետությամբ կատարված, հարուստ քանդակազարդված արևմտյան շքամուտքն է։

Ըստ պատմական փաստերի` Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները:

Դարեր շարունակ վանքը եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի պատերին պահպանվել են աստվածաշնչային կերպարների, ինչպես նաև իշխանական տան անդամների խորաքանդակներ: Ընդհանուր առմամբ վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություններ։ Եկեղեցու գավիթը Խաչենի իշխանների տոհմական դամբարանն է։ Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը կզարմացնեն ցանկացած այցելուի: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները