Դադիվանք

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արցախ
Հիմնադրվել է` I դ
Երևանից` 400կմ / 6ժ

Դադիվանք վանական համալիրը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ: Արցախի հնագույն վանական համալիրը գտնվում է Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև տեղակայված գեղեցիկ հովտում` Թարթառ գետի ձախ ափին: Վանական համալիրի անվանումը պատահական չէ ընտրված: Ըստ ավանդության վանական համալիրը կառուցվել է I դարում սուրբ Դադիի գերեզմանտեղիում: Դադին եղել է Թադեոս Առաքյալի 70 աշակերտներից մեկը, ով քրիստոնեություն էր քարոզում Արցախի Վերին Խաչենի գավառում: Եկեղեցին կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի, այսինքն` բլրակի վրա: Ի դեպ, Սուրբ Դադի առաքյալի մասունքները հայտնաբերվել են վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ 2007թ. Դադիվանքի վերանորոգման աշխատանքների ընթացքում:

 

Հայտնի է, որ XII դարում Դադիվանքում է ապրել Մխիթար Գոշը իր «Դատաստանագիրքը» գրելիս, որը դարձավ հայ միջնադարյան քաղաքակրթության առաջին օրենսգիրքը: Դադիվանքի համալիրը բաղկացած է շինությունն երի 2 մեծ խմբերից. հյուսիսում հոգևոր շինություններն են, իսկ հարավում` աշխարհիկ շենքերը. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն և այլն: Պահպանվել է Սուրբ Դադի միանավ եկեղեցին (X-XI դդ.), որն իր խոշոր չափերով եզակի է հայկական նույնատիպ եկեղեցիների շարքում: Նրան հարավից կից են վանքի երկրորդ` ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցին և թաղածածկ գավիթը:

 

1211-ին համալիրի հարավում պալատական դահլիճ է կառուցվել, որն ունի քառասյուն կենտրոնակազմ հորինվածք և լուսավորվում է երդիկից: 3 տարի անց Վախթանգ իշխանի կինը` Արզուխաթունը կառուցել է վանական համալիրի գոհարը` Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին` ի հիշատակ իր ամուսնու և 2 որդիների, ովքեր զոհվել էին պատերազմում:

 

Կաթողիկեն ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածքով եկեղեցի է: Գմբեթն ու ճակատաքարերը հարդարված են դեկորատիվ կամարաշարերով: Եկեղեցու հարավային պատին քանդակված են Արզուխաթունի որդիներ Հասան և Գրիգոր իշխանները` եկեղեցու մանրակերտով, իսկ արևելյան ճակատին Սբ. Դադիի և Վախթանգ իշխանի կիսանդրի պատկերաքանդակներն են:

 

Հայկական կերպարվեստի պատմության մեջ կարևոր են Կաթողիկե եկեղեցու որմնանկարները: Հարավային պատին պատկերված է Քրիստոսը Դավիթ Սքանչելագործին Ավետարան մեկնելիս, իսկ Աստվածածինը` խաչազարդ ուրար: Կաթողիկեին արևմուտքից կից է սյունասրահը, որն ավարտվում է զանգակատնով: Վերջինիս ստորին հարկում կանգնեցված են վանահայր Աթանասի պատվիրած նուրբ զարդաքանդակներով երկու բարձրարվեստ խաչքարերը:

 

Դադիվանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ (գյուղեր, վարելահողեր, անտառներ), որոնք տարածվել են մինչև Գեղարքունիք, սակայն դրանց մեծ մասը կորսվել է ադրբեջանական ասպատակությունն երի ժամանակ: Դարավերջին արված վերականգնողական աշխատանքներից հետո վանական համալիրը դարձյալ կանգուն է վեհ տեսքով և պատրաստ ընդունելու ցանկացած այցելուի:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները