Ուղտասար

Բացառիկ 9.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Սյունիքի մարզ
Հիմնադրվել է` Ք.Ա. V-II հազ.
Երևանից` 200կմ/3Ժ


Ուղտասարը լեռ է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։  Այն գտնվում է 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրության վրա:

Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Հարուստ են բույսերի, ծաղիկների և կենդանիների, ինչպես նաև մարդկային ու երկրաչափական պատկերներով արված փորագրությունները։

Պարզունակ պատկերներն, այդուհանդերձ, զարմանալիորեն համապարփակ են` պատմելով առասպելների և ցեղերի սովորույթների, զգացմունքների, հույզերի և հավատալիքների, նախնիների պարտությունների և հաղթանակների մասին։ 

Ուղտասարի կենդանիների ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը։

Կենդանիների ոճավորված պատկերներում ցայտուն գծերով արտահայտված են նրանց ամենաբնորոշ շարժումները, տեսակային առանձնահատկությունները: Թեմատիկ տեսարանների մեծ մասում անմիջական մասնակիցը մարդն է` պատկերված որսի տեսարաններում, շարժման մեջ, լայնալիճ աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետարձակելիս, զինված նիզակով, հաճախ` պարանը ձեռքին: 

Ուղտասարի ժայռապատկերների արվեստը տպավորիչ է թե գեղարվեստական առումով, թե բովանդակությամբ: Դրանք մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում. Միայն աննշան մասն է, հողմահարման ազդեցությամբ, վնասվելով պոկվել ժայռաբեկորների մակերևույթից, իսկ որոշ մասը, որ մոտ է աղբյուրներին, ծածկված է հողաշերտով: Սյունիքի մարզում է գտնվում նաև Հին Խնձորեսկը, որտեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախնադարյան հայի կենցաղին և մտածելակերպին: 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները