Խոր Վիրապ

Բացառիկ 9.7
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`Արարատի մարզ
Հիմնադրվել է` 642թ
Երևանից` 44կմ / 38րոպե
Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ 
Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է 13 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին` ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Երբ Լուսավորիչը փրկեց արքային անբուժելի հիվանդությունից, վերջինս ազատ արձակեց նրան: Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ 
Մոտ 642 թ-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվածքային հորինվածքով նման է Զվարթնոցին:  Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող ուղղաձիգ աստիճանները (ներկայիս՝ մետաղյա) տանում են ներքնահարկ, ուր 4,4մ տրամագծով, 6մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Ս. Վիրապի դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս` գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է` Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը, սակայն, թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով:
13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։
16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և վերականգնում ներսում գտնվող շինությունները։
1703թ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը: 
Վանքից արևմուտք «Օթեաց խաչ» սրբավայրն է, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները:
Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը` «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»: Խոր վիրապի տոնակատարության օրը Սբ Զատկի կիրակիին հաջորդող կիրակին է: «Հարավային Հայաստան» տուրիստական փաթեթի սահմաններում կարող եք ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն և մշակույթին՝ այցելելով Խոր Վիրապ, Նորավանք, Արենի և Ջերմուկ: 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները