Հին Խնձորեսկ

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Սյունիքի մարզ
Երևանից` 248 կմ / 3ժ 48րոպե


Խնձորեսկը այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ:

Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ:

Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։

Գյուղը հայտնի է իր անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով: Կռիվներին մասնակցում էին բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավները միանում էին միմյանց ժայռափոր գաղտնի անցուղիներով, որոնք սակայն անգիր գիտեին գյուղի բնակիչները: Հարձակումների ժամանակ գյուղացիները տեղափոխվում էին առավել անմատչելի քարանձավները, որոնք փորված են ուղղաձիգ ժայռերի վրա: 

Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը:

Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:

Սյունիքում ճամփորդելիս՝ կարող եք նաև Սատանի կամուրջ այցելել: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները