Խոսրովի անտառ արգելոց

Հրաշալի 9.3
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արարատի մարզ
Երևանից` 61կմ / 57րոպե


«Խոսրովի անտառի» գանձերը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը կազմավորվել է Երևանի անտառտնտեսության Գառնու անտառպետության բազայի հիման վրա, ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի` թիվ Պ-341, 13.09.1958թ որոշմամբ:

Արգելոցը տարածված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան, Ուրծի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ու Երանոս լեռնաշղթայի հյուսիսարևելյան դիրքադրության լեռնալանջերին: Այն տեղակայված է ՀՀ Արարատի մարզի տարածքում, զբաղեցնում է 29196հա տարածք և կազմված է Գառնու, Կաքավաբերդի, Խոսրովի, Խաչաձորի և Ուրծի եգերական տեղամասերից: 

Արգելոցի տարածքը մեկուսացած է հիմնական ենթակառուցվածքներից և միայն հարավ-արևմուտքից սահմանակից է բավական խիտ բնակեցված Արարատյան հարթավայրին: Տարածքին բնորոշ են կենտրոնական Հայաստանի կիսաանապատային, ֆրիգանային, նոսրանտառային ու լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բուսական (1849 տեսակներ) և կենդանական (283 տեսակներ) եզակի համակեցությունները:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը համապատասխանում է Բնության Պահպանության Միջազգային Միության դասակարգման «Ia» կատեգորիային: Պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:

«Խոսրովի անտառ» արգելոցին կից հարավային Հայաստանի բոլոր երեք մարզերի 7 ամենամեծ գյուղերում իրականացվել է դպրոցականների իրազեկության բարձրացման ծրագիր: Մշակվել է ընձայռուծի պահպանության կամպանիայի ռազմավարություն, որտեղ «Խոսրովի անտառ» արգելոցը ներառվել է որպես Հայաստանում այս վտանգված տեսակի «թեժ կետերից» մեկը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասում այցելուների կենտրոնի պաշտոնական բացման արարողություն 2008թ-ի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Գառնու տեղամասում կառուցված այցելուների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնը կառուցվել է Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ԲՀՀ Նորվեգիայի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում: Բացմանը ներկա էին Նորվեգիայի պետքարտուղար տկն. Հեիդի Սորենսենը, ՀՀ բնապահպանության նախարար պրն. Արամ Հարությունյանը, «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն պրն. Սամվել Շաբոյանը, ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն պրն. Կարեն Մանվելյանը, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և արտասահմանից: Ինչպես նշեց իր ելույթում պրն. Մանվելյանը. «Այս պիլոտային ծրագիրը կխթանի էկոտուրիզմի զարգացումը և կօգնի պահպանվող տարածքին` հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ստեղծել եկամուտի այլընտրանքային աղբյուրներ արգելոցի հարակից համայնքների համար»:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները